ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը Լյուքսեմբուրգ կատարած այցի ընթացքում հունիսի 6-ին հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչների հետ։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը, մասնավորապես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3 (Լանջիկ-Գյումրի ճանապարհահատված) իրականացման ընթացքը՝ աշխատանքների առաջընթացը եւ ռիսկերը, ինչպես նաեւ Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման եւ բարելավման ծրագրի բարեհաջող ընթացքը։

Կողմերն անդրադարձել են նաեւ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի իրականացման հեռանկարներին, ծրագրի իրականացմանը Եվրոպական ներդրումային բանկի մասնակցության եւ ֆինանսավորման հնարավորություններին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ իրականացվող միջոցառումների, երթեւեկության անվտանգության խթանման նպատակով նախատեսվող քարոզարշավի, ինչպես նաեւ ԵՆԲ-ի հետ կնքվող Ճանապարհային անվտանգության համաձայնագրի եւ դրա ներքո Հայաստանին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի իրականացման հետ կապված հարցեր։

ԵՆԲ ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2019թ. սեպտեմբերին Երեւանում կազմակերպել աշխատաժողով՝ ճանապարհային անվտանգության բարելավման, այդ ուղղությամբ կարողությունների եւ գիտելիքների ընդլայնման ուղղությամբ։

Բանկի ներկայացուցիչներն իրենց հերթին ընդգծել են ճանապարհաշինության ոլորտում Հայաստանի հետ շարունակական համագործակցության կարեւորությունը եւ հեռանկարային ծրագրերի նկատմամբ բանկի բարձր հետաքրքրվածությունը։