Հունիսի 8-ին Դիլիջանում տեղի ունեցող «Մտքերի գագաթնաժողով»-ին մասնակցող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել Աբու Դաբիի էմիրության էկո-քաղաք «Մասդար Սիթիի» գործադիր տնօրեն Յուսեֆ Ահմեդ Բասելայբի հետ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների եւ վերամշակվող էներգետիկայի ոլորտներում համագործակցություն զարգացնելու հնարավորությունները:

Յ. Բասելայբը ՀՀ փոխվարչապետին է ներկայացրել Հայաստանում վերոնշյալ ոււղղություններով նախագծեր իրականացնելու մտադրության մասին:

Տիգրան Ավինյանը, մասնավորապես, նշել է, որ կառավարությունը նպատակ ունի ավելացնելու վերամշակվող էներգետիկայի չափաբաժինը եւ պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերելու այդ ուղղությամբ օտարերկրյա ներդրումների իրականացմանը:

ՀՀ փոխվարչապետը հանդիպում է ունեցել նաեւ ֆրանսիական THALES տեխնոլոգիական ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Ռեմի Փոլի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընկերության կողմից ներդրումային ծրագրեր իրականացնելու հետ կապված հարցերին: