Բուլղարիայի դատախազությունը հետաքննություն է սկսել 16-ամյա անչափահասի գործով, որին ձերբակալել էին երկրի տարածքում պայթուցիկ սարքով ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով: Այս մասին հայտարարել է Բուլղարիայի գլխավոր դատախազ Իվան Գեշեւը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով բուլղարական լրատվամիջոցներին:

Տղայի հարազատները երկու օր առաջ դիմել էին իրավապահներին՝ հայտնելով նրա ծայրահեղական պահվածքի մասին: Խուզարկության ժամանակ արդեն պատրաստի ռումբեր են հայտնվել, որոնք, Գեշեւի խոսքով, հաճախ օգտագործվում են ԱՄՆ-ում հարձակումների ժամանակ:

Իրավապահները նաեւ այպես կոչված մեխերով ռումբեր են հայտնաբերել, որոնք օգտագործվել են Ֆրանսիայում, Բելգիայում ահաբեկչությունների, ինչպես նաեւ 2012թ. Բուլղարիայի Բուրգաս քաղաքում օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ:

Դատախազությունում չեն հստակեցրել, թե ինչ նյութ է օգտագործել անչափահասը, միայն հայտնի է, որ այդ նյութից 14 կգ է հայտնաբերվել: Անաչափահասը հավաքագրվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից: