Սինգապուրցի Մոհամեդ Նուր Իսկանդեր Ռոնը ծանր աշխատանքային օրվանից հետո ուշացել է ավտոբուսից եւ որոշել տուն հասնելու համար մոտոցիկլ գողանալ, գրում է Motor-ը: 

Սակայն մտահղացումը հաջողությամբ չի պսակվել:

23-ամյա երիտասարդը կեսգիշերին դուրս է եկել աշխատանքից եւ հասկացել, որ բաց է թողել վերջին ավտոբուսը: Նա չի ցանկացել ոտքով գնալ կամ գումար ծախսել տաքսիի համար եւ որոշել է գողանալ փողոցում կայանած Yamaha RXZ մոտոցիկլը: Իսկանդերը զանգել է եղբայրներին՝ 17-ամյա Մուհամեդ Շազվան Իսմայիլին եւ 15-ամյա Աֆի Անակի Խայրունին, եւ խնդրել օգնել իրեն:

Նրանք փորձել են միացնել մոտոցիկլի շարժիչը, սակայն չի ստացվել: Մի քանի ժամ փորձելուց հետո մոտոցիկլը սկսել է աշխատել: Սակայն մեկ այլ խնդիր է առաջացել՝ Մոհամեդը չի կարողացել վարել մոտոցիկլը: Ճիշտ է, փորձել է մի քանի մետր պահել հավասարակշռությունը, սակայն տուն այդպես էլ չի հասել:

Այդ ժամանակ նրանց է մոտեցել տեղաբնակներից մեկն ու հարցրել ժամը, սակայն պատասխանի փոխարեն գողացված մոտոցիկլի սաղավարտով գլխին հարված է ստացել: Դա տեսել է մեկ այլ անցորդ եւ ոստիկանություն է կանչել: Արդյունքում Մոհամեդը 7 ամիս 3 շաբաթ ազատազրկման է դատապարտվել: