2008 թ. մարտի 1–ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանի սպանության կատարման համար մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանը հրաժարվում է ցուցմունք տալ, քանի որ չի վստահում վարույթն իրականացնող մարմնին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը:

Նշենք, որ այսօր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում դժգոհել էր, որ Պետրոսյանը հրաժարվում է ցուցմունք տալ, սակայն, ըստ Խաչատրյանի, նախաքննական մարմինն ապացույցների բավարար համակցությամբ է նրան մեղադրանք առաջադրել։

Վաղարշակ Գևորգյանի պնդմամբ, սակայն, իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում ընդամենը մեկ անձի՝ սպայի ցուցմունք է դրվել, որի արժանահավատությունը ՀՔԾ–ն չի էլ փորձել կասկածի տակ դնել։

«Այդ ցուցմունքը հիմնված է ներքին և արտաքին դիտում օպերատիվ–հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված տվյալների վրա։ Իրավապահները վերահսկել և ձայնագրել են սպայի խոսակցությունը, որի ընթացքում այդ անձը հստակ նկարագրել է դեպքը և պատմել,  թե իբր ցուցարար Զաքար Հովհաննիսյանը երկաթյա ձողով կամ արմատուրայով հարձակվել եւ փորձել է հարվածել Գեղամ Պետրոսյանի գլխին։ Նրա պատմածով՝ ստեղծվել է իրավիճակ, երբ Զաքար Հովհաննիսյանը կամ պետք է խփեր, Գեղամ Պետրոսյանը մահանար, կամ՝ Պետրոսյանը պիտի կրակեր իր վրա, ինչից հետո Պետրոսյանը կրակել է Հովհաննիսյանի վրա»,- պատմեց Գևորգյանը՝ նշելով որ տվյալ անձի նկարագրած դեպքը անհրաժեշտ պաշտպանության դրսևորում է։

Գևորգյանը նշեց, որ ներքին դիտում օպերատիվ–հետախուզական միջոցառումը կատարվել է այս տարվա մայիսին։

«Եթե հավատանք, որ այդ անձը ականատես է եղել այդ դեպքին և նկարագրել կատարվածը, ապա խոսքը վերաբերում է դասական անհրաժեշտ պաշտպանությանը»,– ասաց նա։

Վաղարշակ Գևորգյանը նշեց, որ իր պաշտպանյալը  չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Պաշտպանը Պետրոսյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոք է պատրաստել, որը վաղը կներկայացնի Վերաքննիչ դատարան։

Հիշեցնենք, որ Զաքար Հովհաննիսյանը մահացել է 2008թ. մարտի 2-ին Երեւանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցում՝  ստացած հրազենային վնասվածքից։

Դեպքից 10 տարի անց՝ 2019թ. հունիսի 4–ին Հովհաննիսյանի սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվեց, ապա կալանավորվեց ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած 70–ամյա Գեղամ Պետրոսյանը: