ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երկուշաբթի միաձայն հավանություն է տվել բանաձեւին, որը Վաշինգտոնի վարչակազմին կոչ է անում 2017 թվականին ընդունված «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի (CAATSA) շրջանակում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների բազմակողմանի կիրառման, եթե Անկարան ստանա С-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կոնգրեսի բանաձեւերը զուտ հռչակագրային բնույթ ունեն, իսկ դրանց դրույթները պարտադիր չեն կատարման համար:

Կոնգրեսականները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին CAATSA-ի համաձայն պատժամիջոցների բազմակողմանի իրականացման կոչ են արել, եթե Անկարան ձեռք բերի С-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերը, իսկ թուրքական կառավարությանը՝ չեղարկել ռուսական С-400-ի գնումը:

Օրենսդիրները դատապարտել են գործարքը եւ կարծում են, որ «այն սպառնում է ամերիկա-թուրքական միության ամբողջականությանը եւ խաթարում է ՆԱՏՕ-ն»:

ԱՄՆ-ն ակտիվորեն փորձում է կանխել C-400 ձեռք բերելու Թուրքիայի փորձերը: Ավելի վաղ Վաշինգտոնը նախազգուշացրել էր Անկարային, որ այդ զենքի ձեռքբերման դեպքում ԱՄՆ-ն կարող է մերժել Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի հարցում:

 

Թուրքիան մինչ օրս ԱՄՆ-ից 100 հնարավորից պատվիրել է 30 F-35 ինքնաթիռներ: ԱՄՆ-ի հետ դրա ստեղծման նախագծին մասնակցում են Ավստրիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Իտալիան, Կանադան, Նիդերլանդները, Նորվեգիան եւ Թուրքիան: Բացի այդ, այդ ինքնաթիռները գնում են Իսրայելը եւ Ճապոնիան: