ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին այսօր դարձյալ չէին ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ պետք է կայանար Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։

Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի գրությունն առ այն, որ ամբաստանյալը գտնվում է ծանր առողջական վիճակում, նա չի կարող մասնակցել նիստին եւ ըստ գրության՝ Մանվել Գրիգորյանը 24 ժամվա ռեժիմով գտնվում է արհեստական շնչառության տակ:

NEWS.am–ի հարցին ի պատասխան՝ Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, նշեց, որ իրեն թույլ չեն տալիս տեսակցել ամուսնուն, և որ նրա վիճակը վատ է։

Ավելի վաղ NEWS.am–ի հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօերնի տեղակալ Պետրոս Մանուկյանը նշել էր, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը կայուն ծանր է:

Հիշեցնենք, որ հունիսի 3–ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ–ից  տեղափոխել էին «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետեւ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Հունիսի 6–ին ՔԿՀ–ում կտրուկ վատացել է նրա առողջական վիճակը եւ նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: