Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի Փրկիչը» նկարը, որը վաճառվել էր ռեկորդային գումարով՝ 450 մլն դոլարով, հայտնաբերել են Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի Serene զբոսանավում, հայտնում է TheTime-ը:

Նշվում է, որ նկարը կմնա արաքայազնի զբոսանավում, մինչեւ Սաուդյան Արաբիայի իշխանությունները կկառուցեն մշակութային կենտրոն, որտեղ նախատեսվում է նկարը ցուցադրել:

Bloomberg գործակալությունը հայտնում է, որ մայիսի 26-ի դրությամբ զբոսանավը գտնվել է Կարմիր ծովում եգիպտական հանգստավայր Շարմ էլ Շեյխի մոտ:

Հիշեցնենք, որ մարտի վերջին The New York Times պարբերականը հայտնել էր «Աշխարհի Փրկչի» անհետանալու մասին: Պարբերականի տեղեկություններով՝ նկարը պետք է ցուցադրվեր ԱՄԷ-ի Լուվրի մասնաճյուղում, բայց կտավը թանգարանում չէր: Ընդ որում՝ աշխատակիցներից ոչ մեկը չգիտեր, թե այն որտեղ է:

Ավելի ուշ Christie's աճուրդի տնից հայտնել էին, որ դա Վինչիի նկարը նոր տերերին է փոխանցվել 2017 թվականի դեկտեմբերին գնելուց անմիջապես հետո: Christie's-ը նկարի նոր տիրոջ անունը չէր բացահայտել:

The New York Times-ի տեղեկություններով՝ 2017 թվականի դեկտեմբերին աճուրդում նկարը գնել էր սաուդցի արքայազն Մուհամմեդ բին Սալմանը՝ ռեկորդային 450 մլն դոլարով: