Գյումրիում կնոջ եւ մերձմոսկվայում նախկին հատուկջոկատայինի սպանությունների միջադեպերը ողբերգական են, սակայն չի կարելի քաղաքականացնել: Հունիսի 11-ին մամուլի ասուլիսում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ երկրների հարաբերությունների առանցքը բավականին ամուր է, ստեղծվել է դարերի ընթացքում, եւ ընթացիկ իրադարձությունները չեն կարող ազդել համագործակցության մթնոլորտի վրա:

«Երկու երկրների ղեկավարները այսպիսի հարցերում շատ զգուշավոր են, որպեսզի խուսափեն իրավիճակի լարվածությունից: Այլ հարց է, որ մեր ամուր կապերը տարբեր ուժերի եւ պետությունների տարբեր վերաբերմունք են առաջացնում: Փորձեր են ձեռնարկվում հաղորդելու ինչ-որ քաղաքական երանգ: Այս բոլոր միջադեպերը պետք է քննվեն, բայց հայ-ռուսական հարաբերությունները չպետք է տուժեն»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Գյումրիում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի սպանության փաստով քրեական գործ էր հարուցվել: Կինը մահացել էր ստացած մարմնական վնասվածքների հետեւանքով: Այս գործով կալանավորվել էր ռուսական 102-րդ բազայի զինծառայող: Իսկ այս տարվա հունիսի 1-ին մերձմոսկովյան Պուտիլկովոյում կատարվել էր նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանությունը: ԳՀՎ նախկին հատուկջոկատայինը մահացել էր սրտին դանակի հարվածով՝ տղամարդուն փրկել փորձելիս, որին մի քանի մարդ ծեծում էին: Կալանավորվածների թվում հայեր կան: