Ռուսաստանը շարունակում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը լինել: Հունիսի 11-ին մամուլի ասուլիսին այս մասին հայտարաեց Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Ըստ նրա, 2018 թվականին երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը աճել է 11 տոկոսով՝ հասնելով 2 մլրդ դոլարի, ինչը կազմում է Հայաստանի ամբողջ արտաքին առեւտրի ավելի քան 26 տոկոսը: Դիվանագիտական առաքելության ղեկավարը կարծում է, որ երկնիշ աճը գերազանց արդյունք է՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության անկայունությունը:

Կոպիրկինը նշեց, որ Հայաստանի տնտեսությունում ռուսական ներդրումների ծավալը 2 մլրդ դոլար է, իսկ իրական հատվածում ուղղակի ներդրումների ծավալը` մոտ 125 մլն դոլար: «Հայաստանում ընդհանուր առմամբ գործում է 228 ռուսական ընկերություն, որոնք իրենց գործունեությունը ծավալում են տնտեսության առաջատար ոլորտներում (էներգետիկա, հաղորդակցություն եւ այլն):

Դրանցից 40-ը խոշոր ձեռնարկություններ են: Բացի այդ ռուսական ընկերությունները, որոնք Հայաստանի լավագույն ընկերությունների տասնյակում են, խոշորագույն հարկատուներ են: Դրանց թվում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 81.6 մլն դոլար է վճարել բյուջե, իսկ այս տարվա առաջին քառորդում մոտ 30 մլն դոլար՝ առաջատար լինելով Հայաստանի մյուս ընկերությունների թվում, «GeoProMining»-ը՝ 34,4 մլն դոլար, «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ՝ 22,1 մլն դոլար», - նշեց դեսպանը:

Նա հավելեց, որ ռուսական բիզնեսի գործունեությունը սոցիալական կողմնորոշման բնույթ ունի եւ ուղղված է բնակչության սոցիալապես խոցելի խմբերի աջակցությանը, մշակույթի, սպորտի, կրթության օժանդակությանը:

«Կարեւոր տեղ են զբաղեցնում նաեւ ՌԴ-ից Հայաստան ստացվող անդրսահմանային փոխանցումները: 2018-ին ՌԴ-ից Հայաստան միջոցների հոսքը կազմել է ավելի քան 1 մլրդ դոլար, մինչդեռ անդրսահմանային փոխանցումների ընդհանուր ծավալը կազմում է 1.8 մլրդ դոլար», - նկատեց դիվանագետը:

Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքնեռրի հարցին անդրադառնալով՝ դեսպանը նկատեց, որ այն շատ աշխատատար  է եւ լուրջ ֆինանսական միջոցներ է պահանջում եւ կողմերը աշխատում են նախագծի լիարժեք իրականացման ուղղությամբ:

Նա հիշեցրեց, որ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին ՝ 2019 թվականի հունիսի 6-8-ին, երկու պետությունների ղեկավարների հանդիպման շրջանակում ՀՀ Ազգային շահերի պետական հիմնադրամի եւ Ուղիղ ներրումների ռուսական հիմնադրամի միջեւ  համագործակցության մասին համաձայնագիր էր ստորագրվել, որի գլխավոր նպատակը ներդրումային նախագծերի որոնումն ու իրականացումն է ՌԴ եւ ՀՀ տնտեսություններում ներդրումների ներգրավման նպատակով, ներդրումային հոսքերի ավելացման աջակցությունը եւ երկու երկրների ներուժի զարգացումը, երրորդ երկրներում նեդրումային նածխագծերի համատեղ իրականացումը:

Կոպիրկինը հավելեց, որ ՌԴ-ն նախագծեր է իրականացնում նաեւ ՄԱԿ ուղղությամբ, իսկ ֆինանսավորման ընդհանուր ծավալը մոտ 12 մլն դոլար է կազմում: