«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ը՝ միջազգային գործընկերների հետ նախատեսում է իրականացնել Հայաստան տեղափոխված փախստականների վարկավորման եզակի ծրագիր: Այս մասին լրագրողներին հայտնեց «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:
Նա նշեց, որ խոսքը վերաբերում է հիմնականում սիրիահայ փախստականներին: Նրանց հետ արդեն կազմակերպվել են հանդիպումներ եւ քննարկումներ՝ նրանց պահանջները եւ ցանկությունները ավելի լավ հասկանալու նպատակով:
Օսիպյանի խոսքով՝ այս պահին բանակցություններ են վարվում Եվրամիության գործընկերների հետ, որի հովանու ներքո էլ պետք է իրականացվի ծրագիրը: Առայժմ մանրամասներ հայտնի չեն այն մասին, թե ծրագիրը երբ է մեկնարկելու եւ դրա շրջանակում ինչպիսի պայմաններով է փախստականներին վարկավորում առաջարկվելու:
«Առայժմ վաղ է մանրամասների մասին խոսել, բայց սա միանգամայն եզակի ծրագիր է, որը հիմա քննարկում ենք Եվրամիության հետ»,- նշեց Օսիպյանը: