Սորոսի գրասենյակը պահանջում է վարչապետից, որ Հայաստանում արդարադատության նախարար նշանակվի Ռուստամ Բադասյանը: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը: Նշենք, որ ՎԵՏՕ շարժումը այսօր՝ հունիսի 11-ին, կրկին ակցիա է իրականացնում «Բաց հասարակությունների հիմնադրամի» գրասենյակի դիմաց: Նրանց պահանջը Հայաստանում գրասենյակի լուծարումն է:

Նա ասաց, որ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն ակտիվ գործակցում էր «Բաց հասարակության հիմնադրամներ» գրասենյակի հետ, բայց հասկանալով, որ այն պայմանները, որ դնում է գրասենյակն իր առջեւ, հակապետական են, հրաժարվել էր դրանք կատարելուց: Նրա խոսքով՝ դա զայրացրել է Լարիսա Մինասյանին, որն էլ ստիպել է Զեյնալյանին, որ հրաժարականի դիմում ներկայացնի:

«Սորոսի գրասենյակը պահանջում է վարչապետից, որ Հայաստանում արդարադատության նախարար նշանակվի Ռուստամ Բադասյանը, որի վեթինգով կզբաղվենք, կենսագրական առանձին դրվագներին մենք կանդրադառնանք, խոսքը հատկապես նրա զինծառայությունից խուսափելու մասին է՝ ինչ-որ հիվանդության պատճառով: Այս պահին փակագծեր չեմ բացի, թող նշանակումը լինի, նոր: Այս թեմայով հրապարակելու բազմաթիվ նյութեր ունենք դեռ։ Մենք ունենք տեղեկություն, Բադասյանն ասել է, որ ինքը պատրաստ է կատարել Սորոսի ցանկացած հրահանգը»,- ասաց Նարեկ Մալյանը:

Նա ասաց, որ եթե պարզվի Ռուստամ Բադասյանն է նշանակվելու նախարար, ապա իրենք բողոքի այլ գործողությունների են դիմելու.

«Կսպասեմ՝ մինչեւ Սորոսի գրասենյակը պարտադրի իշխանությանը Ռուստամ Բադասյանին նշանակեն նախարար, դրանից հետո կլինեն շատ ակտիվ գործողություններ, իսկ եթե չնշանակի, ապա իշխանությունը տղամարդկություն դրսեւորած կլինի: Ըստ երեւույթին՝ Արտակ Զեյնալյանի մոտ հաղթեց պատերազմ տեսած տղամարդը: Մենք բացառապես ճշգրտված տեղեկություն ենք տարածում»,- ասաց Մալյանը: