Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը դատապարտող բանաձևը: Այս մասին Twitter-ում գրել է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը:

Բանաձևը ներկայացրել է Քրիստոնեական միության խմբակցության անդամ, պատգամավոր Ջոել Վորդևինդը:

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) պնդել էր, որ խորհրդարանը միջոցներ ձեռնարկի այդ անընդունելի արտահայտությունների կապակցությամբ։

Արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը բացասական կարծիք չէր հայտնել, և դրա ընդունումը թողել էր խորհրդարանի հայեցողությանը:

Նշենք, որ Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, Էրդողանն իր ելույթում ասել է. «Հայ հրոսակախմբերի և նրանց աջակիցների վերաբնակեցումը, որոնք կոտորում էին մուսուլման ժողովրդին, ամենաողջամիտ գործողությունն էր, որ կարելի էր նախաձեռնել այդ ժամանակ»։

2019 թվականի մայիսի 15-ին Նիդերլանդների խորհրդարանում տեղի ունեցած Թուրքիայի իրավիճակի մասին քննարկումների ժամանակ տարբեր խմբակցությունների պատգամավորներ դիմեցին արտգործնախարար Ստեֆ Բլոկին՝ կոչ անելով դատապարտել Թուրքիայի անթույլատրելի ժխտողական քաղաքականությունը։