NEWS.am–ի տեղեկություններով՝ օրեր առաջ խուզարկություններ են կատարվել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ–ում։ Խուզարկության թիրախում հայտնվել են հիշյալ կալանավայրում պահվող երկու «օրենքով գողեր»՝ «Վրացի Մերաբ» մականունով հայտնի Մերաբ Քալաշովը և քրեական հեղինակություն «Զապի»՝ Անդրանիկ Սողոյանի քրոջորդին՝ Արտյոմ Ղազարյանը։

Մեր տեղեկություններով՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցները Արտյոմ Ղազարյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերել են ենթադրաբար թմրամիջոց հանդիսացող դեղահաբեր եւ նյութ։

Նշենք, որ նախկինում «օրենքով գողերին» պահում էին տարբեր ՔԿՀ-ներում, սակայն վերջին ժամանակներս նրանց կենտրոնացրել են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում՝ հանրության շրջանում առավել հայտնի որպես ԱԱԾ-ի «պադվալ»։

Ի դեպ՝ ներկայումս ՀՀ–ում կա 14 «օրենքով գող», որոնցից կալանքի տակ են միայն երկուսը։

Ավելի վաղ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից NEWS.am–ին հայտնել էին, որ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ ընդունման ժամանակ, հունիսի 7-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում կանխվել է կալանքի տակ գտնվող, քրեածին միջավայրում «օրենքով գող» ճանաչված անձի կողմից «5771 M» գրառմամբ 29 դեղահաբի, կոտրտված 6 այլ դեղահաբի եւ 0,5 գրամ քաշով բաց շագանակագույն, յուրահատուկ հոտով քսուքի ներթափանցումը ՔԿՀ:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: