Առաջիկա տարիներին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը կզարգանա 3 հիմնական ուղղություններով՝ ավանդական առեւտրային, ներդրումային եւ թվային: Շատ գործընթացների եւ ծառայությունների թվայնացման աշխատանքները կատարվում են դեռեւս 2018 թվականից եւ կշարունակվեն նաեւ ընթացիկ տարում: Այս մասին բանկի բաժնետերերի ժողովի ժամանակ  լրագրողների հետ զրույցում ասաց ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ նախագահ Աշոտ Օսիպյանը՝ նշելով, որ 2022 թվականին բանկը կներկայանա նոր կերպարով. այն ոչ թե պարզապես բանկ կլինի, այլ ԲԱՆԿՏԵԽ (banktech, բանկ+ֆինտեխ)՝ կազմակերպություն, որը կհամատեղի բանկային եւ ֆինանսական տեխնոլոգիաների բաղադրիչներ:

Օսիպյանի խոսքով՝ ընթացիկ տարում բանկը կզարգանա նշված բոլոր 3 ուղղություններով, որոնցում արդեն մեծ թվով հաջողություններ են գրանցվել եւ ներդրվել են բազմաթիվ հետաքրքիր ինովացիաներ: Մասնավորապես՝ 2018 թվականին ներդրվել է սքորինգի, թվային հաշվետվությունների ծրագիրը, ինչպես նաեւ մարդկային ռեսուրսների կառավարման նոր ծրագիր: Այս տարեվերջին նախատեսվում է բանկում բոլոր գործընթացների մինչեւ 45 տոկոսը թվայնացնել:

Ընթացիկ տարում բանկի համար առաջնահերթ ուղղություն կլինի փոքր եւ միջին բիզնեսի, արտահանմամբ զբաղվող ընկերությունների, արդյունաբերական ընկերությունների, ինչպես նաեւ էներգախնայող եւ գյուղատնտեսական ծրագրերի վարկավորումը: Նախատեսվում է նաեւ ծրագրեր ու ծառայություններ ներդնել Հայաստանի այլ բանկերի համար, որոնց միջոցով նրանց կառաջարկվեն միջազգային առեւտրային գործիքներ:

«Մենք նաեւ պլաստիկ քարտերին առնչվող անչափ հավակնոտ ծրագրեր ունենք: Լինելով Diner’s Club-ի միջազգային վճարային համակարգի էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում, 2018 թվականին արդեն ընդգրկել ենք երկրի տարածքի 85 տոկոսը», - նշեց Օսիպյանը:

Խոսելով 2018 թվականին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հաջողությունների մասին՝ Օսիպյանը նշեց, որ շահույթը կազմել է 2 մլրդ 227 մլն դրամ, ինչը 10 տոկոսով ավելի է, քան 2017 թվականին: Ավելին՝ 2018-ին բանկը միջազգային կառույցներից ներգրավել է 60 մլն դոլար, ինչպես նաեւ Հայաստանում 6 տարբեր անվանակարգերում լավագույնն է ճանաչվել:

Նշենք, որ բաժնետերերի ժողովը որոշեց նաև 2018 թվականի արդյունքներով ստացված շահույթը կմնա որպես չտեղաբաշխված եւ կուղղվի բանկի կապիտալի համալրմանը:

Նշենք, որ 2018 թվականի արդյունքներով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ակտիվները կազմել են 228,1 մլրդ դրամ (5,8 տոկոսով ավելի անցյալ տարվա համեմատությամբ), պարտավորությունները՝ 191,3 մլրդ դրամ (6 տոկոսով աճ), իսկ կապիտալի ծավալը՝ 36,729 մլրդ դրամ (4,9 տոկոսով աճ): Դրանից բացի, 2018 թվականին բանկը տրամադրել է 123,109 մլրդ դրամի (4,3 տոկոս աճ) վարկեր: