Մեկ վարորդի աշխատանքից ազատելով՝ հարցը չի լուծվում։ Այս մասին այսօր NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը ՝ անդրադառնալով երթուղայինի վարորդի ծխելու պատճառով ուղեւորուհու եւ նրա միջեւ տեղի ունեցած միջադեպի հետևանքով վարորդին աշխատանքից ազատելու որոշմանը։

Ղահրամանյանի խոսքով՝ վարորդին աշխատանքից ազատելը ուղղակի կետային, ոչինչ չտվող լուծում էր:

«Եթե այդպես է, կամ պետք է այս տեմպով շարունակել եւ հարյուրավոր վարորդների ազատել աշխատանքից, կամ այս հարցին այնպիսի կարգավորում տալ, որպեսզի ոչ մեկ չծխի։ Բնականաբար, ոչ մեկի չծխելը ամենահարմար տարբերակն է, բոլոր կողմերի համար։ Գուցե 10 վարորդ այս դեպքից հետո չծխի, բայց հարյուրավոր վարորդներ, միեւնույն է, շարունակելու են ծխել։ Ով ծխում է, կծխի, ով էլ չի ծխում՝ չի ծխի»,- ասաց նա:

Ղահրամանյանի խոսքով՝ պետք է պատասխանատվության ենթարկել ոչ միայն վարորդին, այլ նաեւ վարորդին աշխատանքի ընդունողին: Հարցին՝ արդյոք չեն խախտվել նաեւ վարորդի իրավունքները, նա ասաց, որ այդտեղ գործատու-աշխատող իրավահարաբերություններն են.

«Եթե նա իրավունք չի ունեցել վարելու տվյալ տրանսպորտային միջոցը, այստեղ խորքային հարցեր կան: Ինչպե՞ս կամ ո՞վ է թույլ տվել այդ անձին վարել այդպիսի տրանսպորտային միջոց, որի իրավունքը չուներ: Այսինքն՝ ինչ-որ մեկը եւս ապօրինություն է թույլ տվել: Ինչո՞ւ մյուսին էլ չեն ենթարկել պատասխանատվության»,- ասաց Ղահրամանյանը։

Նրա խոսքով՝ այստեղ պետք է լիներ նաեւ Երեւանի քաղաքապետարանի խիստ հսկողությունը, որը չկար։

«Կարող եմ ասել, որ քաղաքապետարանում իսպառ վերացած է վերահսկողություն իրականացնելու մեխանիզմը։ Դրա հետեւանքով շատ վարորդներ ղեկին եւ՛ հեռախոսով են խոսում, եւ՛ ծխախոտ են օգտագործում։ Տրանսպորտային միջոցների պայմաններն իդեալական չեն, եւ միտումներ էլ չկան իդեալական լինելու»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ Երեւան քաղաքի 46 համարի երթուղայինում վեճ էր տեղի ունեցել վարորդի եւ ուղեւորի միջեւ: Ֆեյսբուքյան օգտատեր Անի Խաչատրյանը հրապարակել էր տեսագրությունը: Երթուղայինի վարորդից Անի Խաչատրյանը պահանջել է դադարեցնել ծխելը, վարորդն էլ իր հերթին պահանջել էր, որ նա դուրս գալ երթուղայինից, հակառակ դեպքում՝ կկանգնեցնի մեքենան եւ չի քշի: Այնուհետեւ ուղեւորներից մի քանիսը սկսել են  պաշտպանել վարորդին, եւ վիճաբանություն է սկսել: Ի վերջո, երթուղայինի վարորդը կանգնեցրել է մեքենան: Քաղաքացին, որը պահանջել էր վարորդից դադարեցնել ծխելը, դուրս է եկել մեքենայից, մյուս ուղեւորները շարունակել են ճանապարհը: Ավելի վաղ, ոստիկանությունից հայտնել էին, որ նա չունի վարորդական իրավունքի վկայական: Նշենք, որ թիվ 46 երթուղին սպասարկող միկրոավտոբուսի վարորդն այսօր առավոտյան ազատվել է աշխատանքից: