Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթած Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը երդվել է հանրապետության ժողովրդին եւ ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը, փոխանցում է Tengrinews-ը:

«Երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստորեն հետեւել սահմանադրությանն ու Ղազախստանի օրենքներին, բարեխղճորեն կատարել ինձ վրա դրված Ղազախստանի նախագահի բարձր պարտականությունները»,- ասել է նա այսօր հանդիսավոր արարողության ժամանակ:

Ղազախստանում 6-րդ նախագահական ընտրություններն անցկացվել են հունիսի 9-ին: ԿԸՀ տվյալներով՝ ընտրողների ձայների 70,96 տոկոսով հաղթել է Տոկաեւը, որին առաջադրել էր առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի գլխավորած Nur Otan կուսակցությունը: