Առավոտյան թռիչքներն ընտրող ուղեւորները հաճախակի են ուղեւորվում մաքուր ինքնաթիռներով, նրանց սպասարկում է լավ հանգստացած անձնակազմը, իսկ այդ ժամերին թռիչքի ուշացումներն ավելի հազվադեպ են տեղի ունենում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով The Sun-ին:

Նյու Յորքից Ստելա Քոնոլին, որը տարիներ շարունակ աշխատել է որպես բորտ-ուղեկցորդուհի, պատմել է՝ ինչու է ճանապարհորդների համար ավելի շահավետ ընտրել առավոտյան թռիչքները:

Եթե օրվա ընթացքում մեկ ինքնաթիռն ուշանում է, ապա մեծ է հավանականությունը, որ հաջորդ թռիչքները կհետաձգվեն երկար ժամանակով: Վիճակագրությունը վկայում է, որ առավոտյան ժամը 6-ին չվերթի ուշացումը կազմում է միջինում 8 րոպե, իսկ երեկոյան 6-ին՝ հասնում է 21 րոպեի:

«Ինչպես դուք, մենք եւս ցանկանում ենք տուն գնալ կամ հասնել նշանակետին: Եւ նույնպես երջանիկ կլինենք, եթե չվերթը չուշանա»,-ասել է նա:

Չվացուցակի փոփոխությունը միակ պատճառը չէ, որի համաձայն՝ ուղեւորների համար ավելի նպատակահարմար է առավոտյան ճանապարհորդել:

Օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության տվյալներով՝ վաղ ժամերին քիչ է տուրբուլենտ քամիների հավանականությունը, քանի որ ամպրոպն ավելի հաճախ է հանդիպում օրվա երկրորդ կեսին: Դեռ ավելին, նախքան առավոտյան չվերթները ինքնաթիռներն ավելի մանրակրկիտ են մաքրում, եւ ուղեւորներն ավելի շատ հնարավորություն ունեն մաքուր սրահում երթեւեկելու:

Ստելա Քոնոլին նաեւ խորհուրդ չի տալիս ճանապարհորդել հանգստյան սեզոնի ամենաթեժ շրջանում, քանի որ լեփ-լեցուն ինքնաթիռն ու հոգնած անձնակազմը դարձնում են թռիչքը պակաս հարմարավետ: