Նման վիճակագրություն չկա եւ ես ինքս կցանկանայի իմանալ՝ արդյոք հարկերից ազատումը տալիս է  սպասելի արդյունքներ: Հունիսի 12-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թ. պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկմանն այս մասին ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից  պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե որքան աշխատատեղ է բացվել սահմանամերձ համայնքներին արտոնություններ տրամադրելուց չորս տարի անց:

Նախարարի խոսքով աահմանամերձ համայքներին տրամադրված արտոնությունների արդյունքները այդպես էլ պատշաճ ձեւով չեն վերլուծվել:

«Մեր կարծիքով, դա ամենաարդյունավետ գործիքը չէ, քանի որ անհրաժեշտ է գտնել ճիշտ նպատակ եւ նպատակային կերպով ազդել իրավիճակի վրա», - ասաց Ջանջուղազյանը: Միեւնույն ժամանակ, նախարարը նշեց, որ անհրաժեշտ է գտնել համալիր լուծումներ: