Լարված իրավիճակ է Վերաքննիչ քրեական դատարանի շենքի դիմաց, որտեղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համակիրները եւ «Սասնա ծռեր» կուսակցության անդամները քաշքշում են միմյանց, բախվում եւ վիճաբանում տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանների հետ։ Դատարանի դիմաց արգելապատնեշներ են տեղադրվել, ոստիկանները եւ դատական կարգադրիչները հսկում են կարգուկանոնը։ Ոստիկաններից մեկը ստիպված էր ցուցարարներից վերցնել բարձրախոսը, որպեսզի իր ձայնը լսելի դառնա ցուցարարներին։

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի,

Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը:

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20–ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Նրա պաշտպանական խումբը պնդում է, որ Քոչարյանի հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին եւ ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ  Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

Երկու օր անց՝ մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչեւ 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին: ՍԴ–ն էլ օրերս որոշում է կայացրել մեկ ամսով երկարաձգել է Քոչարյանի և մյուսների գործով դատավորի դիմումն ուսումնասիրելու ժամկետը։