Մենք բոլորս ունենք կրթված բարեկամներ, հարազատներ, ընկերներ, ովքեր կարող են պաշտոններ զբաղեցնել թե՛ մեր ենթակայության տակ գործող հիմնարկներում, թե առհասարակ Հայաստանում իրենց տեղը գտնեն։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

«Ինչ վերաբերում է իմ որոշմամբ բարեկամներիս հայեցողական պաշտոնների նշանակելուն, ապա ասեմ, որ ունեմ 1 զարմիկ, ում նշանակել եմ ինձ օգնական եւ ունեմ 1 այլազգակցական–բարեկամ, ում նշանակել եմ ինձ խորհրդական։ Գտել եմ, որ մեր համատեղ աշխատանքը կարող է արդյունավետ լինել»,– նշեց նա։

Դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ պետք է բարեկամ–խնամի–ծանոթով պաշտոնների նշանակելու արատավոր պրակտիկայի վերջը դնել, մարզպետը շեշտեց, որ իր բարեկամներին նշանակել է հայեցողական պաշտոնների եւ որ նրանք ընդամենը 2 հոգի են, ուստի մազրպետարանի աշխատակազմի շատ քիչ տոկոսն են կազմում։  «Ես չեմ հապաղի եւ կազատեմ աշխատանքից, եթե նրանց կողմից կատարված աշխատանքը բացասական անդրադառնա ընդհանուր գործին»,– հավելեց մարզպետը։