Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարությունում հունիսի 12-ին տեղի է ունեցել հանդիպում ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Ալեքսեյ Լավրովի հետ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից։

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը կարևորել է երկու երկրների ոլորտային գերատեսչությունների ակտիվ համագործակցությունը: Նա նշել է, որ այսօրինակ հանդիպումների և սեմինարների անցկացումն ու փորձի փոխանակումը նպաստում են պետական ֆինանսների ոլորտում իրականացվող բարեփոխումերին:

ՌԴ ֆինանսների փոխնախարարը հայ գործընկերներին է ներկայացրել Ռուսաստանում գործող բյուջետային համակարգի կառուցվածքը, բյուջեի պլանավորման սկզբունքներն ու դասակարգման մոտեցումները, ինչպես նաև բյուջետային գործընթացի տրամաբանությունն ու բարեփոխումների միջնաժամկետ ծրագրերը: 

Կարեն Բրուտյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանում ներդրվող ծրագրային բյուջետավորման առանձնահատկությունները և ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը: