«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 12–ին, հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝  նշելով, որ ծանուցում են ուղարկել նրան։

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը Քննչական կոմիտե հարցաքննության է հրավիրվել Աբովյան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի նախընտրական շտաբերից մեկի պետի մեքենան հրկիզելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում։

Հիշեցնենք, որ մայիսի 8–ի գիշերը Աբովյանում հրկիզել էին քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանի  նախընտրական շտաբներից մեկի պետ Վահան Սարիբեկյանի բնակարանն ու մեքենան։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու համար։

Սարիբեկյանը ճանաչվել է գործով տուժող:

NEWS.am–ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանը  խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կատարվածի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է։

«Պարոն Ծառուկյանն իր մտահոգությունն է հայտնել տեղի ունեցած միջադեպի հետ կապված և հույս հայտնել, որ իրավապահները հնարավորինս սեղմ ժամկետներում կբացահայտեն կատարվածը և մեղավորներին պատասխանատվության կենթարկեն»,– ասաց նա՝ հավելելով, որ նույն կարծիքին է նաև ԲՀԿ–ն։