Հարկային օրենսգրքում ուղղումների փաթեթը, որով առաջարկվում է եկամտահարկի համահարթեցում եւ շահութահարկի նվազեցում, կհանգեցնի պետական բյուջեում որոշակի կորուստների: Հունիսի 12-ին տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում Հարկային օրենսգրքի բարեփոխումների թեմայով քննարկումների ժամանակ այս մասին ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Սակայն, նրա խոսքով, մի շարք միջոցառումների արդյունքում կորուստները, համենայնդեպս, կվերականգնվեն: «Կորուստները գնահատվում են ՀՆԱ-ի 0,7 տոկոս: Եկամտահարկի տոկոսադրույքի համահարթեցման հետեւանքով կորուստները կկազմեն մոտ 30-31 մլրդ դրամ, իսկ շահութահարկի նվազեցման հետեւանքով առավելագույն վնասը կկազմի 14-15 մլրդ դրամ: Սակայն մենք հաշվարկել ենք, որ նույնիսկ ամենապահպանողական սցենարի դեպքում, այլ ոլորտներում փոփոխությունների շնորհիվ կորուստները հնարավոր հասցնել նվազագույնի»,- հավաստիացրեց Պողոսյանը:

Նա նշեց, որ նախատեսված են բազմաթիվ վարչական միջոցառումներ, այդ թվում՝ հարկային համակարգի փոփոխություն՝ սկսած վիճակախաղերի եւ խաղային ոլորտի հարկումից եւ ավարտած վիճակախաղերի տոմսերի հաշվառմամբ: Փոխնախարարը հավաստիացրեց, որ օրինագիծը ֆիսկալ ռիսկեր չի ստեղծի:

Պաշտոնյայի պարզաբանմամբ՝ վնասը գնահատվում է 45 մլրդ դրամ, իսկ արդյունքը՝ 16 մլրդ՝ 2018 թվականի բյուջեի հետ համեմատած: