Հայաստանում ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին գրանցվել է 5981 արտակարգ դեպք, տուժել է 4791 մարդ, մահացել՝ 134: Այս մասին հունիսի 12-ին մամուլի ասուլիսում ասաց ԱԻՆ Ճգնաժամային ազգային կենտրոնի ղեկավար Հովհաննես Խանգելդյանը:

Նրա խոսքով՝ տարեսկզբից հանրապետությունում գրանցվել է հրդեհի 2384 դեպք, ինչը 450 դեպքով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: Դեպքերի զգալի մասը բաժին է ընկնում խոտի այրմանը: Բաց տարածքներում բռնկման պատճառը հաճախ մարդկային գործոնն է:

Հունիսի առաջին 10 օրում գրանցվել է հրդեհի դեպքերի կտրուկ աճ՝ 531 դեպք, մինչդեռ անցյալ տարի առաջին տասնօրյակում դրանց թիվը կազմել է 82: 

Խանգելդյանը նաեւ հայտնեց, որ տարեսկզբից աճել է նաեւ ճանապարհային պատահարների թիվը՝ 1724 դեպք, ինչը 383-ով գերազանցում է 2018-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Մինչդեռ ճանապարհային պատահարների հետեւանքով մահվան դեպքերը կրճատվել են:

Ընթացիկ տարում գրանցվել է ջրահեղձ լինելու 5 դեպք, որից մեկը՝ Սեւանա լճում: