Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակից։

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Նիկոլայ Պլատոնի,

Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները` կապված ՌԴ պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա հետ:

Այս օրը ռուսաստանցիների համար դարձել է հիրավի համազգային տոն, որը խորհրդանշում է համազգային միաբանությունը, զարգացումը եւ նոր Ռուսատանի ամրապնդումը՝ ժամանակակից ռուսական պետության, որի դերը համաշխարհային բեմում անշրջելիորեն աճում է:

Հայաստանի Հանրապետությունում հատուկ նշանակություն են տալիս Ռուսաստանի Դաշնության հետ համակողմանի հարաբերությունների զարգացմանը, բոլոր ոլորտներում փոխշահավետ կապերի հետագա ամրապնդմանը:

Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքի եւ շահագրգիռ համագործակցության շնորհիվ անվտանգության ոլորտում հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային գործընկերությունը կշարունակի հաջողությամբ ընդլայնվել եւ խորանալ` օգնելով ապահովել մեր երկրների եւ ժողովուրդների կենսական շահերը ժամանակակից աշխարհում:

Հարգելի Նիկոլայ Պլատոնի, օգտվելով առիթից, ցանկանում եմ Ձեզ մաղթել, քաջ առողջություն, շարունակական հաջողություններ եւ ձեռքբերումներ Ձեր պետական գործունեության մեջ, խաղաղություն եւ բարեկեցություն բոլոր ռուսաստանցիներին»: