Ինքս ամեն օր երթեւեկում եմ հանրային տրանսպորտով եւ ամեն օր բախվում եմ նույն խնդրին։ Այս մասին այսօր՝ հունիսի 12–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը՝ անդրադառնալով Երեւանի հանրային տրանսպորտի ներկայիս վիճակին։

Նրա խոսքով՝ հանրային տրանսպորտի ոլորտում կատարվել է փորձաքննություն եւ դրա հիման վրա կազմվել է ծրագիր։

«Այն բավականին լավ տեսք ունի եւ առաջարկում է մեր նախընտրական ծրագրով ամրագրված բոլոր կետերով գործնական լուծումներ։ Նախատեսում է ամբողջ տրանսպորտային համակարգի հիմնային թարմացում, ամբողջ շարժակազմը փոխվելու է, գուցե մնան միայն տրոլեյբուսները՝ հաշվի առնելով դրանց ստրատեգիկ նշանակությունը»,– ասաց Խաչունցը։

Նրա խոսքով՝ լինելու է 3 չափերի ավտոբուսներից բաղկացած նոր ցանց։

«Ունենալու ենք լրիվ նոր գծեր, 11 հիմնական եւ 38 սնուցող գծեր։ Գծերը նույն ուղղության վրա չեն կրկնվելու, ինչպես այժմ է։ Տրանսպորտային ցանցի ընդհանուր երկարությունը կրճատվելու է, իսկ կանգառներն ավելի շատ եւ մոտ են լինելու»,– ասաց Խաչունցը։

Նրա խոսքով՝ տվյալ ծրագրով նախատեսում են փոխել վարորդների աշխատանքային գրաֆիկը՝ այն դարձնելով 8–ժամյա, ֆիքսված աշխատավարձ եւ բոնուսներ։ Խաչունցի խոսքով ծրագրը պետք է իրագործվի մոտավորապես 2 տարվա ընթացքում, ինչին արձագանքեց բանախոսներից Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

«Այն, ինչ ներկայացրեց իմ կոլեգան, մենք քննարկում ենք շուրջ 2 տարի եւ ամենեւին նորություն չէ։ Ես չեմ հասկանում, թե ինչ «լյա–լյա» ենք մենք անում, շուրջ 8–9 ամիս չունենք որեւէ հստակ արված աշխատանք»,– ասաց Վարդանյանը։

Նա խայտառակ անվանեց հասարակական տրանսպորտի ներկայիս վիճակը. « Չափազանց դժվար է ամեն օր տնից դուրս գալ, գնալ մխրճվել 20–40 հոգի կոմպրես արած գազելի մեջ։ Չեմ խոսում երիտասարդ կանանց եւ աղջիկների մասին, այստեղ խնդիրը շատ նուրբ է, եւ օր առաջ այդ հարցը պետք է լուծել, որովհետև խայտառակ միջադեպեր են տեղի ունենում տրանսպորտում»։

Խնդրի մասին խոսեց նաեւ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը։ Նրա խոսքով՝ 2 տարուց նոր ցանց ունենալն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։

«Դրա համար բավականին մեծ միջոցներ են անհրաժեշտ, որը կարծես թե դեռ տեսանելի չէ, թե որտեղից պետք է հայթայթենք եւ ինչպես պետք է կարողանանք այդ համակարգը ներդնենք»,– ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այսօր ունենք հասարակական տրանսպորտի սպառված ավտոպարկ։

«Մոտ ապագայում դրանց մեծ մասը հանվելու են գծերից, մոտավորապես 1700–ից ավելի միավոր ունենք, որից 800–ը դուրս են գալու»,– ասաց Սարգսյանը։