Մինչեւ Արցախի իշխանությունները չասեն, որ կա միջամտություն, ես ինձ իրավունք չեմ վերապահի ասել, որ կա միջամտություն: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե Վիտալի Բալասանյանը պաշտոնից ազատվել է Հայաստանի իշխանության միջամտությամբ: Նշենք, որ հունիսի 11-ին Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Աշոտյանն ասաց, որ Հանրապետական կուսակցությունը չի պատրաստվում խառնվել Արցախի ներքին գործերին.

«Իմ սիրտը բաբախում է Արցախով, մեր կուսակցության պատմությունը միահյուսված է Արցախի պատմության հետ, բայց մենք, միաժամանակ, հարգում ենք Արցախի՝ որպես անկախ պետության ներքին գործերին չխառնվելու գոնե մեր օրոք եղած սկզբունքը»,- ասաց Աշոտյանը։

Նրա խոսքով՝ Արցախի եւ Հայաստանի միջեւ ժամանակին եղած միասնականությունն այսօր արդեն հարցականի տակ է դրված։

«Ակնհայտ է, որ Արցախի եւ Հայաստանի միջեւ նախկին սիամական երկվորյակությունը հարցականի տակ է դրվում, եւ դա այս իշխանությունների ոչ հմուտ, ոչ հեռատես հանրային եւ գործնական քայլերի պատճառով է: Բոլոր դեպքերում, կարծում եմ, որ բոլորիս պարտքն է Արցախի Հանրապետությունում,պահպանել քաղաքացիական անդորր, քանի որ Արցախը Հայաստանի Հանրապետություն չէ, բայց Արցախը Հայաստան է: Եվ այս մտածելակերպն ավելի կարեւոր է, քան ինչ-որ մարդկանց ինչ-որ քաղաքական ամբիցիաները»,- ասաց Արմեն Աշոտյանը: