ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը դատարանին խնդրում է պարտավորեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հրապարակայնորեն ներողություն խնդրել Քոչարյանի վերաբերյալ արած արտահայտությունների համար։ Այս մասին    Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով այսօրվա դատական նիստին հայտարարեց Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը։

Հայցվոր կողմը զրպարտություն և վիրավորնք է համարում Ռոբերտ Քոչարյանին առաջին անգամ ազատ արձակելուց հետո Փաշինյանի՝ Ֆրանսիայում արված  հետեւյալ արտահայտությունը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել. «ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Նախագահող դատավոր Լիլիթ Սարգսյանը նկատեց, որ հայցվոր կողմը պահանջ է ներկայացրել միայն զրպարտության հետ կապված։ Նա հայցվորի ներկայացուցչին խնդրեց հստակեցնել, թե Փաշինյանի արտահայտությունները նաև վիրավորա՞նք են որակում։

Ալումյանը հայտարարեց, որ Փաշինյանի հայտարարությունները նաև վիրավորանք են պարունակում, ինչից հետո դատավորը նշեց, որ հայցվոր կողմը հայցի առարկայի փոփոխության վերաբերյալ  պետք է գրավոր միջնորդություն ներկայացնի։

Դատավորի խոսքով՝ զրպարտության դեպքում հայցվոր կողմը նաև հերքման տեքստ պետք է ներկայացնի, իսկ վիրավորանքի դեպքում նման պահանջ նախատեսված չէ։

Պատասխանողի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը հայտարարեց, որ իրենք առարկում են ներկայացված հայցի դեմ։

Հայցվորի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը ժամանակ խնդրեց դատարանից՝ հայցի առարկայի վերաբերյալ գրավոր միջնորդությունը ներկայացնելու համար։

Այնուհետև Հայկ Ալումյանը հայտարարեց, որ եթե իրենց դատավարական  հակառակորդը հայտարարի, որ այս հայտարարությամբ  Փաշինյանը նկատի չի ունեցել  Ռոբերտ Քոչարյանին, ապա իրենք կհրաժարվեն հայցից։

Փաշինյանի ներկայացուցիչ Գյոզալյանը հայտարարեց, որ ինքը  լիազորված  է ասելու, որ իր վստահորդի կողմից արված արտահայտությունները չեն վերաբերվել Ռոբերտ Քոչարյանին։

Այսպիսով Ալումյանը հայտարարեց, որ կհրաժարվի հայցից։ Դատավորը մեկ օրով հետաձգեց նիստը՝  հայցվոր կողմին ժամանակ տրամադրելով հայցից հրաժարվելու վերաբերյալ գրավոր միջնորդություն ներկայացնելու համար։