Հ1-ի գործադիր տնօրեն շարունակելու է մնալ Մարգարիտա Գիրգորյանը: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, ռեժիսոր Արա Շիրինյանը։

Դիտարկմանը, որ Մարգարիտա Գրիգորյանը հաճախ է հայտնվել աղմկոտ պատմությունների մեջ, Շիրինյանն ասաց, որ կուսումնասիրի այդ տեղեկությունները եւ ապա կանի հետեւություն, իսկ առայժմ նպատակահարմար չի համարում հրապարակային որեւէ բան հայտնել՝ «Չեմ կարծում, որ նախկինում հնչած բոլոր մեղադրանքներն ունեին լուրջ հիմքեր»:

Հարցին՝ Հ1-ում կադրային փոփոխություններ լինելո՞ւ են, Արա Շիրինյանը պատասխանեց.

«Փոփոխություններ ցանկացած հիմնարկում միշտ տեղի են ունենալու, եթե նկատի ունեք խոշորածավալ կամ զանգվածային կադրային փոփոխություն, ապա ասեմ՝ ոչ»:

Բյուջեի վերաբաշխումների վերաբերյալ Շիրինյանն ասաց, որ իր տպավորություններով որոշակի փոփոխությունների կարիք կարող է զգացվել եւ նկատեց, որ ցանկացած մեծ կառույցում փոփոխությունները անընդհատ պետք է լինեն. «Չեն կարող կատարվել 1 անգամ, եւ դրանով ավարտվել: Փոխվում են տեխնիկական միջոցները, խնդիրները: Մենք էլ պետք է անընդհատ փոփոխությունների մեջ լինենք, դա վերաբերում է եւ՛ կադրային եւ՛ կառուցվածքային փոփոխություններին»: