Ես կուսակցական պատկանելություն չունեմ, կարող եմ ունենալ որոշ համակրանքներ մարդկանց եւ քաղաքական տեսակետների նկատմամբ: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, ռեժիսոր Արա Շիրինյանը՝ անդրադառնալով քննադատություններին, որ իր անունը կապվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, եւ հիմա էլ Հանրային հեռուստաընկերությունը կարող է լինել սպասարկող լրատվամիջոց.

«Հանրային հեռուստաընկերությունն, առաջին հերթին, պետք է ծառայի հանրության շահին, այո, այդպես է: Ամեն ինչ անելու եմ այդ նպատակին հասնելու համար»,- ասաց Շիրինյանը:

Հարցին՝ արդյոք հիմա Հանրային հեռուստաընկերությունն արտացոլում է հանրության ցանկությունները, Շիրինյանն ասաց, որ առայժմ հանրության ցանկությունների հետ չի համընկնում հեռուստաընկերության քաղաքականությունը.

«Ես չեմ կարծում, թե սա շատ արագ գործընթաց է, որովհետեւ այդ փոփոխությունը պետք է տեղի ունենա նաեւ մարդկանց մեջ: Համակարգային խնդիրներ կան, որոնք վաղուց արմատավորված են, դրանք փոխելու համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ»,- ասաց նա՝ հավելելով, որ փորձում են նաեւ հասկանալ, թե ինչ է պահանջում իրենցից հասարակությունը:

«Միշտ կգտնվեն տարբեր կարծիքներ, որ պաշտպանելու են այս կողմին կամ մյուս կողմին: Դրա համար հանրային հեռուստաընկերությունը պետք է ունենա իր սեփական ասելիքն ու տեսակետը, որի հետ էլի կգտնվեն շատ մարդիկ, որոնք համաձայն չեն լինի, բայց եթե դա լինի յուրահատուկ եւ տարբերվող բովանդակություն, ասելիք եւ տեղեկատվություն, եւ մատուցված լինի պրոֆեսիոնալ մակարդակով: Կարծում եմ, որ նման դեպքում չի լինի հասարակության դժգոհությունը»: