Աբու Դաբիում Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ այսօր՝ հունիսի 12-ին, կայացան քաղաքական խորհրդակցություններ: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը, էմիրաթականը` ԱՄԷ ԱԳ եւ միջազգային համագործակցության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Խալիֆա Շահին ալ-Մրրին (Khalifa Shaheen al Marri): Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց հայ-էմիրաթական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` բարձրաստիճան փոխայցելությունների, առեւտրատնտեսական համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, գիտակրթական, մշակութային, միջխորհրդարանական կապերի ակտիվացման վերաբերյալ: Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին ս.թ. մայիսի 2-3-ը Երեւանում կայացած հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացման, ինչպես նաեւ ՀՀ եւ ԱՄԷ համապատասխան գերատեսչությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարեւորությունը:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին եւ միջազգային կառույցներում փոխգործակցությանը:

Խորհրդակցությունների ավարտին Գրիգոր Հովհաննիսյանը Խալիֆա Շահին ալ-Մրրիին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: