Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու որոշումը Դատախազությունը բողոքարկվել է վերաքննիչ դատարան: Այս մասին այսօր Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզումն օրինական համարելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքի քննության ժամանակ ասաց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 3–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանը որոշում է կայացրել մերժել «Մարտի մեկի» գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի՝  նույն գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը։ Մինչ այդ առաջին ատյանի դատարանը երկու անգամ որոշում էր կայացրել կալանավորել Հարությունյանին, որը սակայն Վերաքննիչ ատյանը բեկանել էր։

Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար մեղադրվող Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է 2018թ. դեկտեմբերին։

Նա, որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Վահագն Հարությունյանը նախորդ տարվա հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից: