Մեծարում եմ Ռուսաստանին՝ բազմադարյա պատմություն և հարուստ հոգևոր-մշակութային ժառանգություն ունեցող երկրին: Այս մասին այսօր Ռուսաստանի օրվան նվիրված տոնական միջոցառման ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ օրը կապված է Ռուսաստանի քաղաքական և տնտեսական կյանքում գլոբալ վերափոխումների սկզբի հետ և ամրապնդում է Ռուսաստանի դերը միջազգային հարթակում:

«Հայաստանն ու Ռուսաստանը կապված են եղբայրության կապերով, որը կառուցվել է երկու ժողովուրդների միջև և հիմնվում է վստահության, փոխադարձ աջակցության վրա: Ողջ պատմության ընթացքում մենք մշտապես միասին ենք եղել, կողք-կողքի պայքարել ենք արդարության և խաղաղության համար: Միջազգային երկկողմ հարաբերությունների ներկապնակը օրեցօր հարստանում է նոր ուղղություններով և համագործակցության ոլորտներով»,- ասել է Շավարշ Քոչարյանը:

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանն ու Ռուսաստանն արդյունավետ համագործակցում են ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար և մշակութային ոլորտներում:

«Ամեն տարի միջտարածաշրջանային համագործակցությունը թափ է առնում, բարձր մակարդակով ինտենսիվ քաղաքական երկխոսություն է ընթանում: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Կառուցողական համագործակցություն է իրականացվում ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ՄԱԿ, ԵԱՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում: Գոհունակությամբ պետք է նշել արդյունավետ միջխորհրդարանական համագործակցությունը, որը կարևոր է մեր երկրում օրենսդրական իշխանության գործառույթների և դերի մեծացման առումով»,- եզարափակել է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը: