27 տարի առաջ ադրբեջանական զինված կազմավորումները նախկին սովետական բանակի 23-րդ դիվիզիայի ստորաբաժանումների աջակցությամբ օկուպացրին Արցախի Շահումյանի շրջանը։ Այս մասին հրապարակում է արվել Արցախի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում։

Հաղորդագրության մեջ նաեւ ասված է․

«Հաջորդած ժամանակահատվածում զավթվեց Մարտակերտի շրջանի մեծ մասը. ընդհանուր առմամբ, օկուպացված էր Արցախի շուրջ 50 %-ը։

Առայսօր Շահումյանի շրջանը և Մարտակերտի ու Մարտունուշրջանների մի մասը գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո, որտեղ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվում է անօրինական բնակեցման քաղաքականություն։

Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման և բուն հայ բնակչության՝ իրենց հայրենիք վերադարձի հարցը դեռևս լուծում է պահանջում, ինչը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առանցքային տարրերից մեկն է»։