Հարավային Կալիֆոռնիայի շերիֆի տեղակալ Ջոզեֆ Գիլբերտ Սոլանոն, որն ավելի վաղ կրակոցի հետեւանքով ծանր վնասվածք էր ստացել, մահացել է, գրում է Fox News-ը:
Նշվում է, որ տղամարդը վիրավորվել էր, երբ ֆաստֆուդից ուտելիք էր գնում:
Սոլանոն իրավապահ մարմիններում 13 տարվա ստաժ ունեցող ոստիկան էր եւ մահացել է իր հարազատների շրջապատում:
Քննիչները հայտնել են, որ հրաձիգը Յուտա նահանգի 30-ամյա բնակիչ Ռետ Նելսոնն է, որին ավելի վաղ նրա ընտանիքը անհետ կորած էր համարում:
Տղամարդը ձերբակալվել է հանցագործության հաջորդ օրը. ոստիկանություն էր կանչել նրա հայրը:
Հանցագործության կատարման պահին զոհը քաղաքացիական հագուստով էր եւ քննիչները ենթադրում են, որ Սոլանոյին պատահական են կրակել:
Այժմ ոստիկանությունը պարզում է՝ արդյոք Նելսոնն այդ օրը այլ մարդու էլ է սպանել: