«ՏուրՍտատ» վերլուծական գործակալությունը ներկայացրել է ԱՊՀ երկրների լավագույն հանգստավայրերի վարկանիշը, որոնք ամառային հանգստի համար հանրաճանաչ են ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում:

Առանց վիզայի մուտքը, տեղի բնակիչների ռուսերենի իմացությունը եւ հյուրասիրությունը, ոչ թանկարժեք հանգիստը, տեղական համեղ սնունդը եւ մրգերը ԱՊՀ երկրներում ամառային հանգստի հիմնական առավելություններն են:

Ղազախստանում Բուրաբայ հանգստավայրը, Ղրղզստանում Իսիկ-Կուլ լիճը, Բելառուսում Նարոչ լիճը, Բաքվում Կասպից ծովի ափին Ապշերոնի հանգստավայրերը եւ Հայաստանում Սեւանա լիճը կազմում են ԱՊՀ երկրներում ամառային հանգստի համար հանրաճանաչ հանգստավայրերի հնգյակը:

«ՏուրՍտատ»-ի տվյալներով՝ ռուսաստանցի զբոսաշրջիկները ԱՊՀ երկրների հանգստավայրեր ամառային հանգստի են մեկնում 1 կամ 2 շաբաթով, իսկ հանգստի նրանց զբոսաշրջային բյուջեն կազմում է օրական 50-ից մինչեւ 110 դոլար:

Ամենից էժան է Իսիկ-Կուլում հանգստանալը, ամենից թանկ՝ Բաքվի հանգստավայրերում:

Վարկանիշը կազմվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների կողմից հաճախելիության եւ հանգստավայրերի ենթակառուցվածքների զարգացած լինելու վերլուծության արդյունքներով: