2016 թվականի ապրիլի իրադարձությունների քննությունը եւ խորհրդարանական համապատասխան հանձնաժողովի ստեղծումը նպատակահարմար է, եթե դրա համար կա հանրային պահանջ: Այս մասին հունիսի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նախարարի կարծիքն այն մասին՝ կա՞ արդյոք նման պահանջ, մնաց ոչ հստակ: Այն հարցին, թե նման քննությունը ի՞նչ կտա մեզ, նախարարը նախ հարցին հարցով պատասխանեց՝ մե՞զ: Այնուհետեւ նշեց, որ քննության արդյունքները կարող են տալ մի շարք հարցերի պատասխաններ, այդ թվում՝ հակառակորդի սաստկացած հակահայկական քարոզչության հետեւանքով հանրության շրջանում ծագած հարցերի: Պաշտպանության նախարարությունն իր կողմից կհամագործակցի հանձնաժողովի հետ: