Երկրորդ աշխարհամարտի ամենաթեժ պահին երիտասարդ ամերիկացի զինվորը մինչեւ ականջների ծայրը սիրահարվել էր 18-ամյա ֆրանսուհուն, երբ նրանց զորքը տեղակայվել էր Բրի քաղաքում: Սակայն նրանք շուտով բաժանվել էին, եւ ահա, բաժանվելուց հետո 75 տարի անց 97-ամյա Քեյ Տի Ռոբինսը եւ 92-ամյա Ժանին Գանայը միացել են, փոխանցում է Daily Mail-ը՝ վկայակոչելով France 2 հեռուստաալիքը:

Ռոբինսը 24 տարեկան էր, երբ 1944 թվականին առաջին անգամ հանդիպել է Ժանինին: Նա այդ ժամանակ լվացք անողի էր փնտրում, եւ աղջկա մայրը համաձայնվել է լվանալ ամերիկացի զինվորի իրերը: Նրանք շուտով սիրահարվել են միմյանց:

Սակայն մի քանի ամիս անց Ռոբինսին հրամայվել է շարժվել Արեւելյան ճակատ, մարտնչելու համար «Առանցքի» (Հռոմ-Բեռլին-Տոկիո առանցք՝ նացիստական դաշինքի երկրներ) տերությունների դեմ:

Նա աղջկա մոտ վերադառնալու հույս ուներ, սակայն կյանքն այլ կերպ է տնօրինել, եւ Ռոբինսը վերադարձել է ԱՄՆ:

Նրանք երկուսն էլ սիրել են այլ մարդկանց, որոնց հետ ապրել են մի քանի տասնյակ տարիներ, սակայն Քեյ Տին ամբողջ ժամանակ պահպանել է իր սիրեցյալի սեւ-սպիտակ լուսանկարը: Կյանքի մայրամուտին մոտ ե՛ւ Քեյ Տին, ե՛ւ Ժանինը այրիացել են: Եվ ահա, 75 տարի անց տղամարդն, այնուամենայնիվ, վերադարձել է Ֆրանսիա հանդիպելու Ժանինին: