Լոռու մարզում այսօր՝ հունիսի 13-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել։

Shamshyan.com–ը գրում է, որ ժամը 08։15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի՝ «Թուրքի թաղամաս» կոչվող հատվածից դեպի Արմանիս գյուղ տանող ճանապարհի՝ «Անահիտ» հանգստյան տան հարևանությամբ գտնվող անտառում, ավտոմեքենա է գլորվել և կան կասկածներ, որ հնարավոր է՝ տուժած կամ տուժածներ լինեն։

Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են ВАЗ 2121 մակնիշի 21 TV 001 համարանիշի ավտոմեքենան, ավտոմեքենայից դուրս էլ հայտնաբերել են վարորդի՝ Ստեփանավան քաղաքի բնակիչ, 34-ամյա Արթուր Զալինյանի դին։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենան և մահացածին հայտնաբերել է հայրը, ով առավոտյան խոշոր եղջերավոր անասուններին տանում էր արածացնելու և նկատել է ավտոմեքենան, սակայն նրա մտքով չի անցել, որ մահացածըի որդին է։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, նաև, որ Ա. Զալինյանը անտառապահ էր։