Սառա Նեթանյահուն՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կինը,  55 հազար շեքել (մոտ 14 հազար եվրո)  կվերադարձնի պետությանը թանկ ուտեստների համար: Գլխավոր դատախազության եւ Նեթանյահուի միջեւ որոշումը կայացել է չորեքշաբթի՝ հունիսի 12-ին: Պայմանավորվածությունը պետք է հաստատի դատարանը, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը:

Մեղադրական եզրակացությունում ասվում է, որ 2010-2013 թվականներին Նեթանյահուի կինը ռեստորաններից 175 հազար շեքելի (մոտ 43 հազար եվրո)  թանկ ուտեստներ  է պատվիրել, չնայած նրան, որ վարչապետի նստավայրում խոհարար էր աշխատում: Նրա ծառայությունները վճարվում էին պետական բյուջեից:

Դատախազները համարել են, որ վարչապետի կինը ուտեստների պատվերի ժամանակ օգտվել է վարչակազմի աշխատակիցների անիրազեկությունից:

Նեթանյահուն հայտարարում էր իր անմեղության մասին եւ պնդում, որ ուտելիքը պատվիրել են ոմն երրորդ անձինք՝ նրա ցանկությանը հակառակ: