Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հայտարարում է իր պաշտպանյալի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու վտանգավոր տեղեկությունների մասին:

Հունիսի 13-ին հրավիրած մամուլի ասուլիսում փաստաբանը վերաշարադրեց վերջին օրվա իրադարձությունները եւ դրանց գնահատական տվեց:

Արձանագրելով պետական մարմինների կողմից օրենսդրության տարբեր դրույթների պերմանենտ խախտումը՝ իրավաբանը շեշտեց, որ եթե իշխանությունները չգնահատեն տեղի ունեցողը, հետեւանքները կլինեն ծանր եւ կհանգեն հաշիվներ մաքրելուն:

Փաստաբանը հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ, երբ դիմել էին ՄԻԵԴ Մանվել Գրիգորյանին քաղաքացիական բուժհաստատություն տեղափոխելու հարցով, երկրի կառավարությունը օպերատիվ կերպով արձագանքեց, եւ Գրիգորյանը տեղափոխվեց քաղաքացիական հիվանդանոց: Ընդ որում՝ տրվեցին գրավոր հավաստիացումներ այն մասին, որ Մանվել Գրիգորյանը կբուժվի քաղաքացիական հիվանդանոցում: Անհասկանալի է, թե ինչու է 2-3 ամիս հետո Քրեակատարողական ծառայության բժշկական վարչության ղեկավարությունից «Նաիրի» ԲԿ ստացվել գրավոր դիմում այն մասին, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն Մանվել Գրիգորյանի բուժման համար բոլոր հնարավորություններն ունի: «Այսինքն՝ թքած ունեին կառավարության եւ ՄԻԵԴ դիրքորոշման վրա: Այնուհետեւ իմ պաշտպանյալին տեղափոխել են «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, այնտեղ չեն ընդունել եւ տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»: Այնտեղից կոմայի մեջ տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց»,- նշեց Լեւոն Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ երեկ տեղի է ունեցել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժիշկների եւ առողջապահության նախարարության լիազորած բժիշկների կոնսիլիում: Նրանց եզրակացությամբ՝ պացիենտի մոտ առկա է 3 տասնյակից ավելի հիվանդություն: Մեծ մասը ձեռք է բերվել կալանքի մեջ գտնվելիս, հստակեցրեց Բաղդասարյանը: Նրա խոսքով՝  կալանավորելու պահին իր պաշտպանյալը երեք ծանր հիվանդություն ուներ: Չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ հիվանդությունների մասին է խոսքը՝ փաստաբանը նշեց, որ վիճակը ենթադրում է անդամահատում: