Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները (Ներկայացուցիչների պալատ) հինգշաբթի կայացած նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել են օրենսդրության մեջ կատարվող փոփոխություններ, որոնցով նախատեսված է մինչեւ 5 տարվա ազատազրկում նացիզմի հրապարակային վերականգնման համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փոփոխությունները առաջին ընթերցմամբ ընդունվել էին 2018 թվականի դեկտեմբերին: Այնուհետեւ այն պետք է ստանա վերին պալատի հավանությունը, որից հետո փաստաթուղթը կներկայացվի նախագահի քննարկմանը:

Քրեական պատասխանատվությունը նախատեսում է մինչեւ 5 տարվա ազատազրկում  այն անձանց համար, որոնք հրապարակայնորեն արդարացնում են նացիզմը, հավանություն են տալիս կամ հերքում են նացիստական ռեժիմի հանցագործությունները, ինչպես փառաբանում են կամ արդարացնում նացիստ հանցագործներին եւ նրանց հանցակիցներին:

Վարչական պատասխանատվություն է նախատեսված ոչ միայն նացիստական խորհրդանիշների եւ ատրիբուտների քարոզչության, հրապարակային ցուցադրության, պատրաստման եւ տարածման համար, այլեւ դրանք պահելու եւ տարածման նպատակով ձեռք բերելու համար: