Տրանշ-2-ի մասով ունենք աշխատանքների դադարեցում, շինարարի հետ բանակցություններ են ընթանում, որպեսզի վեճի որեւէ լուծման հասնենք, իսկ Տրանշ-3-ի մասով աշխատանքները ընթանում են չինական «Սինոհիդրո» կազմակերպության հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարական աշխատանքների դադարեցման մտահոգություններին։

«Տրանշ-3-ի մասով որոշակի հապաղումներով եւ ուշացումներով են իրականացվում, կապված նախկինում տեղի ունեցած խնդիրների հետ, բայց, այնուամենայնիվ, ճանապարհի շինարարությունն այս պահին իրականացվում է: Կապված հարավային մասի հետ, ինտենսիվ քննարկումներ են ընթանում տարբեր ուղղություններով. թե՛ Եվրամիության հետ, թե՛ տարբեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների եւ թե՛ այլ կողմերի հետ: Արդեն նոր նախարարությունը առաջիկայում այդ մասին կհայտնի»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով՝ պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը, նա նշեց, որ դրանք վերանայման կարիք ունեն։

«Այո, քննարկումներ տեղի են ունենում։ Կարծում եմ, որ առաջիկայում կոնկրետ հայտարարություններ կլինեն։ Միանշանակ, պետական համակարգում աշխատավարձերը պետք է բարձրանան»,– ասաց նա։

Արշակյանը, խոսելով ներդրումներից,  ընդգծեց, որ նոր ձեւավորված նախարարությունը իրավական առումով ստացել է հնարավորություն ռազմաարդյունաբերական պետական կոմիտեից՝ մշակելու եւ զարգացնելու այն ներդրումային ծրագրերը, որոնք միտված են թե՛ ռազմական միավորների արդիականացման, թե՛ նոր զինատեսակների ստեղծման։

Հարցին՝ ինչ փոփոխություններ են սպասվում մարզային տրանսպորտի բարելավման ուղղությամբ, Արշակյանն ասաց, որ նախկինում մշակված ծրագրերը հիմա արդեն պատրաստ են. «Կային ծրագրեր, որոք արդեն վերջնականացված են, մշակվել է այնպիսի ուղեւորափոխադրումների ցանց, որը հնարավորություն կտա նույնիսկ փոքր համայնքներին ունենալ կապվածություն իրենց մոտ գտնվող քաղաքների հետ: Օնլայն քարտեզը պատրաստ է արդեն»,- ասաց Արշակյանը