Կառավարությունն այսօր՝ հունիսի 13-ին հավանություն տվեց «Գույք հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին» որոշման նախագծին, որով նախատեսվում է տարածքների փոխանակում կատարել՝ ավելացնելով Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի միջին մասնագիտական ծրագիր իրականացնող Ապարանի մասնաճյուղի (քոլեջ) զբաղեցրած տարածքը։

Քոլեջում նախատեսվում է իրականացնել տարածաշրջանի համար անհրաժեշտ մասնագիտությունների շրջանակում ուսուցում, կարճաժամկետ ուսուցման ծրագրեր, ինչպես նաև ներդնել ուսուցման դուալ համակարգ, որն իրենից ենթադրում է առավելապես գործնական, պրակտիկ ուսուցում: Նախատեսվում է կառուցել/վերակառուցել երկհարկանի, ճաշարանի, հանրակացարանի /երկտեղանի 14 սենյակ, մոտ 28 ուսանողի համար/ առկայությամբ ուսումնական մասնաշենք:

Նախատեսվում է նաև ուսումնական մասնաշենքի հարակից տարածքում կառուցել կաթի վերամշակման և կաթնամթերքի արտադրության արտադրամաս, ինչը լրացուցիչ կխթանի գործնական գիտելիքների ձեռքբերմանն ու ընդլայնմանը:

Քոլեջի ուսումնական գործընթացն անխափան կազմակերպելու և ծրագրով նախատեսված պայմանները բավարարելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունն առաջարկում է  սույն  որոշման նախագծով կատարել տարածքների փոխանակում՝ Ապարան քաղաքի Մ. Բաղրամյան 2-րդ փակուղու հասցեում գտնվող ուսումնական 2-րդ մասնաշենքը փոխանակել Ապարան քաղաքի, Գայի 17/1, 17/3, 17/4 և 17/5  հասցեներում գտնվող  նախկին ուսումնարանի շենքային համալիրով և այն  անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի ազգային ագրարային համա¬լսա¬րան» հիմնադրամին` այն Ապարանի մասնաճյուղին անհատույց տրամադրելու համար:

Ապարան համայնքում գտնվող Ապարան քաղաքի Մ. Բաղրամյան 2-րդ փակուղու հ. 1 հասցեում գտնվող ուսումնական 2-րդ մասնաշենքի  (ներկայումս ամրացված է «Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոց» ՊՈԱԿ-ին) բազայի հիման վրա նոր ստեղծվող Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի միջին մասնագիտական ծրագիր իրականացնող Ապարանի մասնաճյուղի (քոլեջ) վերակառուցման, վերանորոգման և վերականգնման աշխատանքների համար 2019 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է 1.435.772.400 դրամ: