ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահ Ֆրեկ Փալոնեն ելույթ է ունեցել Ներկայացուցիչների պալատի նիստում: Փալոնեն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների հարցերով նախագահ Նիթ Լոուին կոչ է արել աջակցել Արցախ ուղեւորությունների մասին (H.Res.190) բանաձեւին համապատասխանող իր օրենսդրական ջանքերին, եւ դրանով վերացնել Արցախի հետ ԱՄՆ փոխգործակցության Պետքարտուղարության սահմանափակումները: Asbarez-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

«Մենք պետք է շարունակենք հանձնառու մնալ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, երկխոսության խոչընդոտների վերացմանը եւ կարգավիճակի ու անվտանգության հարցերի լուծմանը, որոնց խոչընդոտել են անցյալի բանավեճերը: Ուղիղ ու հրապարակային երկխոսության հնարավորությունը եւ մեր դիվանագետներին անհրաժեշտության դեպքում եւ անվտանգության պայմաններում տեղերում ներկա լինելու հնարավորության տրամադրումը ԱՄՆ-ի համար միակ միջոցն է օգնելու այս հակամարտության կարգավորմանը»,- նշել է Փալոնեն:

Աղբյուրի համաձայն՝ Լոուն խոստացել է այս հարցով աշխատել կոնգրեսական Փալոնեի հետ:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ հիմա ճիշտ ժամանակն է դիվանագիտությանը հնարավորություն տալ՝ նպաստելու լայն միջկառավարական փոխգործակցությանը եւ խորացնելու բոլոր մակարդակներում քաղաքացիական հասարակության հետ կապերն ու շփումները: