Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել ոստիկանության 2 գեներալների ազատման մասին՝ ՆԳՆ Մոսկվայի ԳՎ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետ Յուրի Դեւյատկինին եւ Մոսկվայի Արեւմտյան շրջանի ՆԳՎ պետ Անդրեյ Պուչկովին, հայտնում է «Մեդուզան»:

ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը «Մեդուզայի» թղթակից Իվան Գոլունովի քրեական հետապնդման դադարեցումից հետո պահանջել էր նրանց ազատել:

Հիշեցնենք, որ «Մեդուզայի» հատուկ թղթակցի դեմ քրեական գործը կասեցվել էր հունիսի 11-ին՝ մեղքը չապացուցվելու հիմքով:

Լրագրողին ձերբակալել էին հունիսի 6-ին: Ոստիկանության բաժանմունքում նրան ծեծել էին, թույլ չէին տվել կապ հաստատել ծնողների հետ եւ օգտվել փաստաբանի ծառայություններից: Լրագրողը պնդում է, որ թմրանյութերն իր ուսապայուսակի մեջ էին դրել ոստիկանները, իսկ իր դեմ քրգործը կապում է հուղարկավորության բիզնեսի հետաքննության հետ: Հունիսի 8-ին Մոսկվայի Նիկուլինսկի դատարանը տնային կալանքի մասին վճիռ էր կայացրել: