Ղարաբաղի հետ հարաբերություններում խնդիրները կարող են Հայաստանի անվտանգության համար ՁԻԱՀ դառնալ: Հունիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքով՝ կարելի է ողջունել այն փաստը, որ Ղարաբաղի իշխանությունները Ստեփանակերտից զուսպ պատասխաններ են բարձրաձայնում: «Ցանկացած ընտանիքում վեճեր կարող են լինել, սակայն չի կարելի դրանք տան պատերից դուրս բերել, առավել եւս չի կարելի հրապարակել լրատվամիջոցներում: Ղարաբաղի իշխանությունները ձեռք են մեկնել, եւ վստահություն կա, որ ամեն ինչ կկարգավորվի: Ընդ որում՝ ցանկալի է, որ դա տեղի ունենա հնարավորինս արագ»,- նշեց նա:

Փորձագետը շեշտեց, որ Ղարաբաղը երկրի անվտանգության իմունիտետն է, եւ յուրաքանչյուր հայ ու առավել եւս ղեկավար պետք է հասկանա, որ այս հարցը ճակատագրական նշանակություն ունի: «Ղարաբաղի ժողովուրդը՝ մեծից փոքր պատերազմական վիճակում է ապրում, եւ նրանք, ինչպես ոչ մի այլ ոք, հասկանում են պոտենցիալ խնդիրների ամբողջ լրջությունը»,- հավելեց Քոչարյանը:

Անդրադառնալով Վիտալի Բալասանյանին Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատելու թեմային՝ Կարեն Քոչարյանը նշեց, որ իշխանության մեջ լինելով՝ նրա բոլոր հայտարարություններն ընկալվում էին որպես ԼՂՀ իշխանությունների ինչ-որ ազդանշան, սակայն հիմա նա ավելի ազատ կարտահայտի իր դիրքորոշումը: «Ինչ վերաբերում է Լեւոն Մնացականյանին, ապա նա զբաղեցնելով ոստիկանապետի պաշտոնը, ըստ էության, դարձել է մարտական մարմնի ղեկավար: Հարկ է հասկանալ, որ Ղարաբաղում եւ այստեղ Ոստիկանության մարմինները մի փոքր տարբեր գործառույթներ ունեն»,- եզրափակեց քաղտեխնոլոգը:

Նշենք, որ հունիսի 11-ին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը Վիտալի Բալասանյանին ազատել է հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Մեկ այլ հրամանով Բակո Սահակյանը հաստատել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից Լեւոն Մնացականյանին ազատելու Կառավարության որոշումը եւ հրաման է ստորագրել նրան Ղարաբաղի Ոստիկանության պետ նշանակելու մասին: