Այս օրինագծի հաստատումից հետո մենք որեւէ պաշտոնական բողոք չենք ստացել,  սակայն որոշ պատգամավորների հետ մասնավոր քննարկումների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոփոխություններ մտցնելու մասին: Հունիսի 13-ին   ֆինանսավարկային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին «Սպառողական վարկավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ  Ներսես Երիցյանը:

Երիցյանը հիշեցրեց, որ օրենքի նախագիծը հստակեցնում եւ սահմանում է միկրոձեռնարկությունները, ինչպես նաեւ փոքր ձեռնարկությունները եւ ընկերությունները:

Կենտրոնական բանկի փոխնախագահի խոսքով, նրանք ավելի հստակ պարզաբանումներ են տվել տուգանքների կիրառման վերաբերյալ, դրանք համատեղելով սպառողական հիփոթեքային վարկավորման մասին օրենքների պահանջների եւ դրույթների հետ, որոնք նախկինում հաստատվել էին Ազգային ժողովի կողմից:

Նշենք, որ օրինագիծը դրական եզրակացություն  ստացավ խորհրդարանական հանձնաժողովի կողմից: