Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը xeberman.com եւ press-az.com կայքերի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Փոլադ Ասլանովին (1989 թվականի ծնված) կալանավորել է պետական դավաճանության մեղադրանքով: Այս մասին haqqin.az-ին հայտնել են ՊԱԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնից:

Օպերատիվ-քննչական միջոցառումներով հաստատվել է, որ Փոլադ Ասլանովը Ադրբեջանի սահմաններից դուրս գաղտնի հանդիպումներ է ունեցել արտասահմանյան հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ, ստորագրել է դրամական միջոցներ ստանալու անդորրագրեր եւ կանոնավոր վճարման պայմաններում ներգրավվել է գաղտնի համագործակցության մեջ: Արտասահմանյան հատուկ ծառայությունների հանձնարարությամբ նրանց է ուղարկել իր հավաքած տեղեկությունները՝ երկրի պետական անվտանգության խափանման եւ պաշտպանունակությանը վնաս հասցնելու նպատակով օգտագործելու համար: Փոլադ Ասլանովը համաձայնվել է լրատվամիջոցներով եւ համացանցով տարածել պետության, իրավապահ մարմինների հեղինակության եւ նրանց օրինական գործունեության դեմ ուղղված հոդվածներ:

Ասլանովը նաեւ մի քանի լրագրողների (անունները չեն հրապարակվում քննության շահերից ելնելով) ծանոթացրել է արտասահմանյան հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ՝ նրանց ապագա համագործակցության նպատակով: Քննության ընթացքում բազմաթիվ նյութեր են հայթայթվել արտասահմանյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ Փոլադ Ասլանովի համագործակցության մասին՝ ուղղված Ադրբեջանի պետական անվտանգության շահերի դեմ: Ինքը Ասլանովը մանրամասն պատմել է իր հանցավոր գործունեության մասին: Փոլադ Ասլանովի դեմ քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության մեղադրանքով, եւ նա ենթարկվել է պատասխանատվության: Ներկայումս գործով օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են: